Սեպտեմբերի 28-ին ադրբեջանական զինված ուժերի հերթական սադրանքի հետեւանքով զոհված սերժանտ Հովհաննես Սուքիասյանը 44 տարեկան էր: Նա ամուսնացած էր, ունի երկու որդի:
Հովհաննեսը Վայոց ձորի Նոր Ազնաբերդ գյուղից էր: Համայնքի նախկին ղեկավար, տեղի դպրոցի ուսուցչուհի Ելենա Միքայելյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում որոշ մանրամասներ է պատմել համագյուղացու՝ սերժանտ Հովհաննես Սուքիասյանի մասին:
Օրվա աստղագուշակ
Հովհաննեսի ավագ որդին պարտադիր զինվորական ծառայություն է անցնում ՀՀ զինված ուժերում, սակայն, Ելենա Միքայելյանի խոսքով, դեպքից հետո՝ սեպտեմբերի 29-ի դրությամբ, հայտնել են, որ տղային զորացրում են:
«Տավուշում էր ծառայում, 2023 թվականի մարտին պետք է զորացրվեր, բայց ցավալի հանգամանքների բերումով որդին ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից: Շատ խելացի տղա է, Երեւանում բարձրագույն կրթություն պիտի ստանա, ընդունվել էր, միանգամից զորակոչել էին բանակ: Հովհաննեսը վերջին անգամ ծառայող որդու եւ կնոջ հետ էր խոսել, կինը լսել էր պայթյունի ձայնը, որից հետո էլ նա դարձել է անհասանելի»,- պատմում է Ելենա Միքայելյանը:
Ըստ նրա՝ Հովհաննես Սուքիասյանը 12 տարուց ավելի էր՝ պայմանագրային հիմունքներով ծառայում էր ՀՀ զինված ուժերում: «Շատ լավ հայր ու ամուսին էր, արտակարգ համագյուղացի, որեւէ մեկը ոչ մի բացասական բան այսքան ժամանակ չի տեսել: Երեկ էլ՝ վերջին հրաժեշտի ժամանակ, եկել էին բոլոր ծառայակից ընկերները, միայն տեսնեիք, թե ինչքան մեծ հարգանք ու սեր էր վայելում: Նույն գումարտակում ծառայող տղաներից մեկը, որը Հովհաննեսի մարմինը դուրս է հանել, պայթյունից հետո պատմել է, որ դիրքեր գնալու ժամանակ միշտ բոլորին ասել է՝ զգուշ կլինեք»,- նշում է տիկին Միքայելյանը:
Երեկ Վայքի եկեղեցում տեղի է ունեցել սերժանտի հոգեհանգստի արարողությունը, այսօր էլ ընտանիքի ցանկությամբ նրան հուղարկավորել են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:
Տիկնոջ խոսքով՝ Հովհաննեսի ընտանիքը Նոր Ազնաբերդ համայնք է տեղափոխվել Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, Նախիջեւանի Ազնաբերդ գյուղից են, փախստականներ: «Եկել են, Հովհաննեսն այստեղ դպրոց է գնացել, հետագայում էլ հիմնական բնակություն հաստատել եւ իր ընտանիքը կազմել»,- պատմում է Ելենա Միքայելյանը: Հովհաննեսի կինն էլ աշխատում է համայնքապետարանում:
Արդեն 6 ամիս է՝ միասին ենք աշխատում, մեր մշակութային միջոցառումներն է կազմակերպում: Շատ պարտաճանաչ ակտիվ աղջիկ է: Իր հայրն էլ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ է զոհվել: Ստացվում է՝ տարբեր տարիների պատերազմներն այդ խեղճ աղջկանից խլեցին իր ամենաթանկ մարդկանց»: