⚡️⚡️⚡️Գնդшկшհшրվшծ դիերը դիրքից հանձնվել են ընտանիքներին ու․․

1331

Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմի և հետպատերազմյան զարգացումների հետ կապված ունենք 33 հայ ռազմագերի, ունենք 17 գերեվարման հաստատված նոր դեպքեր, որոնք կապված են 2022թ սեպտեմբերի 13-ի հարձակման հետ։ Վերջին 17 թվի մեջ որևէ կերպով արտացոլված չեն գնդակահարության տեսանյութում երևացող տղաների անունները։ Երբ ասում ենք պաշտոնականացված գերիներ, դա նշանակում է, որ իրենք ողջ են, Ադրբեջանն ընդունում է ողջ գերեվարման հանգամանքը։ Այս մասին հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց միջազգային իրավունքի մասնագետ, ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։

Նա ընդգծեց՝ առկա տեղեկություններով առնվազն 80 անձ գերեվարվել է 2020թ պատերազմի ընթացքում, որոնց գերեվարման փաստն առ այսօր ընդունված չէ Ադրբեջանի իշխանությունների կողմից, նույն կերպ՝ 2022թ սեպտեմբերի 13-ին գերեվարման դեպքերն անհամեմատ ավելին են եղել, քան՝ հայտարարված 17-ը։

Գերիների գնդակահարության վերաբերյալ տեսանյութը, Սահակյանի գնահատմամբ, ապացույց էր, որ իրական գերեվարման դեպքերն ավելին էին, պարզապես նրանք գնդակահարվել են և գնդակահարված դիերը դիրքից հանձնվել են ընտանիքներին և մատուցված են որպես մարտական գործողությունների ընթացքում լեգիտիմ զոհեր, բայց ի սկզբանե առաջ քաշված չի եղել նրանց ողջ՝ գերության մեջ սպանված լինելու կանխավարկածը, հետևաբար, իրական պատկերն ունենալու համար յուրաքանչյուր հանձնված դի պետք է հանգամանալից փորձաքննությունների, զննությունների ենթարկվի՝ պարզելու, թե ինչ հանգամանքներում են վնասվածքները եղել։

Մեծաքանակ զոհերի պայմաններում պետությունը չունի և նման հետևողական գործողություններ չի իրականացնում, դրա համար մի շարք զոհեր ընկալվում են որպես մարտական գործողությունների զոհեր, մինչդեռ, իրականում նրանք գերության պայմաններում արտադատական կարգով սպանված զինծառայողներ են։ Սահակյանը արձանագրեց, որ 2020թ գնդակահարության դեպքեր նույնպես եղել են՝ ինչպես անհատական, այնպես էլ՝ կոլեկտիվ, ապա հիշեցրեց Հադրութի անտառներում վեց զինծառայողի դեպքը, երբ զինծառայողները ամիսներ շարունակ մաքառել էին և կարողացել էին գոյատևել, գնդակահարվել են և ադրբեջանական կողմը հանձնել է նրանց դիերը։

Սահակյանն արձանագրեց, որ այն տարածքներում, որտեղ կարող էին թաքնված լինել հայ զինծառայողներ, Ադրբեջանն արգելեց որևէ մարդասիրական գործունեության իրականացումը, հայտնաբերեց ողջ մնացած, քայքայված առողջությամբ հայ զինծառայողներին, որոնք չէին կարող դիմադրություն ցուցաբերել, անմարդկային կերպով գնդակահարել են և հայկական կողմին հանձնել միայն աճյունները։

«Ադրբեջանական վայրագությունների քաղաքականությունը եղել է, հետևողական է և լինելու է շարունակական։ Չափազանց միամիտ են ձևանում այն մարդիկ, որոնք կարծում են, որ Ադրբեջանի հետ կարող են բարեկամական լավ հարաբերություններ կառուցել։ Դա հասկանալու համար պետք է նայել միայն կոնֆլիկտային ծագումնաբանությունը։ Այս կոնֆլիկտը չի ծագել տարածքային խնդիրների պատճառով, այլ՝ ունի էթնիկ պատճառ։ Այնտեղ հայկական տարրի բնաջնջման խնդիր է առաջացել, որը տարիների ընթացքում իրագործվել է և ի պաշտպանություն ինքնորոշում է տեղի ունեցել՝ որպես միակ ծայրահեղ միջոց։

Քանի դեռ կա հայկական տարրը և գտնվում է Ադրբեջանի հարևանությամբ և դրան զսպող անվտանգային լուրջ միջոցառումներ չկան, վստահորեն տարիների ընթացքում այդ քաղաքականությունը կյանքի է կոչվելու։ Մենք տեսանք, որ խնդիրը միայն ԼՂՀ-ն չէր, եթե լիներ միայն ԼՂՀ-ն, ապա մենք առնվազն 2020թ նոյեմբերից հետո նոր զարգացումներ չէինք ունենա, ռազմական գործողությունները որևէ կերպ չէր տեղափոխվի ՀՀ սուվերեն տարածք»,- արձանագրեց Սիրանուշ Սահակյանը։

Աղբյուր՝ Փաստինֆո