«Թեթեւ» վիրահատություն, որը վերածվեց ողբերգության. երիտասարդ կինը մահացել է պոլիպների հեռացման անհաջող վիրահատությունից հետո

692

Ապրիլի 27-ին 38-ամյա Հասմիկ Մուրադյանը հիվանդանոց է պառկել, թվում է, թե թեթեւ վիրահատության՝ հայմորյան խոռոչների պոլիպների հեռացման համար։ Բժիշկներն ասում էին, թե նա հիվանդանոցում առնվազն մեկ օր կմնա։ Բայց Հասմիկը տուն չվերադարձավ ոչ հաջորդ օրը, ոչ էլ երբեւէ։

Նրա 11-ամյա դուստրը հիշում է, որ այդ օրը, վիրահատության գնալով, մայրն իրեն ու եղբորն ասել է. «Ձեզ լավ կպահեք, վաղը տուն կգամ»։ Առաջիկա մեկ-երկու շաբաթվա ընթացքում աղջիկը մայրիկին տասնյակ հաղորդագրություններ է գրել. «Մամա, ինչո՞ւ չես պատասխանում»։ «Մամա, ո՞ւր ես կորել» ինչո՞ւ չես վերադառնում»։ «Մամա, դու ասել էիր, չէ՞, որ ընդամենը մեկ օրով ես գնում»։ Այս բոլոր հաղորդագրությունների պատասխանն աղջիկը չի ստացել։

Հարազատներն աղջկան ասում էին, որ մաման պարզապես վատ է զգում իրեն վիրահատությունից հետո ու դրա համար էլ չի պատասխանում։ Ոչ, նրանք աղջկան չէին ստում, նրանք իրենք էլ ցանկանում էին հավատալ, որ Հասմիկը դուրս կգա այդ վիճակից։ Չնայած այժմ խոստովանում են, որ հոգու խորքում վաղուց արդեն հասկացել էին, որ նա այլեւս չկա։

Միայն վիրահատությունից 18 օր հետո, երբ Հասմիկի մահը վերջնականապես հաստատեցին, նրա ամուսինը գրկեց դստերն ու նրա 15-ամյա եղբորը եւ ասաց, որ նրանց մայրն այլեւս չկա։

Թվում է՝ երեխաները մինչեւ հիմա էլ չեն կարողանում հաշտվել այդ մտքի հետ։ Դե, մեծերն էլ են դժվարությամբ հավատում կատարվածին։

Գլխացավեր եւ պոլիպներ

Արդեն որոշ ժամանակ Հասմիկին անհանգստացնում էին գլխացավերը։ Դրանց պատճառը, ըստ մասնագետների, պոլիպներն էին հայմորյան խոռոչներում, դրա համար էլ կինը որոշել էր ազատվել դրանցից։ Դիմել է «ՀԵՐԱՑԻ» բժշկական համալիր՝ «100 տարի` ժողովրդի թիկունքին» ծրագրի շրջանակում, նրան պետք է վիրահատեր բժիշկ Աննա Պողոսյանը՝ դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավարը։

Տիկին Անահիտը՝ Հասմիկի մորաքույրը, NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է, որ իր զարմուհին բժշկին տվել է անցած տարի կատարված համակարգչային տոմոգրաֆիայի սկավառակը, ինչից հետո նորից անցել է այդ հետազոտությունը եւ մի շարք ուսումնասիրություններ անցել, որոնք նշանակել է բժիշկը։

Վիրահատությունը նշանակված էր նախնական ընդունման հաջորդ օրը՝ վաղ առավոտյան։ Հարազատները հարցնում էին, թե արժե արդյոք այդքան շտապել, բայց Հասմիկն ասել էր, թե հեշտ վիրահատություն է, ինչ իմաստ կա հետաձգել եւ բարդացնել ամեն բան։

Վիրահատությունն անցել է ոչ ըստ պլանի

Երբ վիրահատությունն ավարտվել է, միջանցքում Հասմիկը հարազատներին ասել է, որ ամեն բան նորմալ է անցել, պարզապես մի փոքր արնահոսություն է եղել, որը փորձում են կանգնեցնել, եւ շուտով պացիենտին հիվանդասենյակ կուղարկեն։ Տիկին Անահիտն այդ մասին իմացել է հեռախոսով եւ որոշել գալ ու խնամել զարմուհուն, երբ նա ուշքի գա։ Նա Երեւան գալիս էր Արարատից եւ տեղ է հասել միայն ժամը 16.00-ին։ Բայց զարմուհին հիվանդասենյակում չէր, իսկ հարազատները խուճապահար էին. արդեն բավական ժամանակ էր անցել, իսկ Հասմիկին այդպես էլ չէին բերել։ Բժիշկներից եւ օրդինատորներից ոչ ոք նրանց ոչինչ չի բացատրել, հարցերից խուսափել են, ասել են, որ չխանգարեն։

Հասմիկի մայրը հիշում է, որ իր հարցերին բժիշկը թունոտ պատասխանել է. «Առաջին վիրահատությո՞ւնն է ձեր ցեղի մեջ։ Ի՞նչ եք այդպես անհանգստանում»։

«Օրդինատոր Անին ինձ ասաց, որ աղջիկս արթնացել է թմրեցումից հետո, պարզապես ուզում է քնել։ Բայց մենք հետո իմացանք, որ նա թմրեցումից հետո այդպես էլ չի արթնացել…»։

Երբ Հասմիկի քույրերը մտել են բժիշկ Աննհա Պողոսյանի սենյակ, նա ասել է, որ Հասմիկը կաթված է ստացել. պոլիպներից մեկը ուղեղը սնուցող անոթի վրա է եղել, եւ դրա հեռացումը հանգեցրել է անոթի վնասման եւ ուղեղի արնազեղման։ Ասել են, որ Հասմիկի այդ անոթը այնպիսի դիրք չի ունեցել, ինչպես մարդկանց մեծ մասի մոտ է, եւ որ նման բան լինում է միայն միլիոն մարդուց մեկի մոտ։

«Նա մեզ ասաց, որ առայժմ հայտնի չէ, թե ինչ հետեւանքների կարող է հանգեցնել այդ կաթվածը. գուցե նրա ձեռքը կթուլանա կամ ոտքը, կամ կկուրանա։ Հիմա ենք հիշում, որ նա՝ բժշկը, այն ժամանակ ասես մոլորված լիներ, նրա ձայնը դողում էր։ Քույրս լաց եղավ, բժշկին խնդրեց իր երեխաներով երդվել, որ մեր Հասմիկը ողջ է, բայց նա չերդվեց։ Հետո մեկ այլ բժիշկ՝ նրա գործընկերը, ասաց, որ մեր քույրը ողջ է, պարզապես նրան արհեստական կոմայի մեջ են գցել 2 օրով, որպեսզի վերականգնված անոթը նորից չվնասվի»,- հիշում է Հասմիկը քույրը՝ Քրիստինեն։

Հարազատներին նաեւ խնդրել են գրավոր համաձայնություն տալ նրա փրկության նպատակով մի քանի միջամտություններ կատարելու համար։ Հաջորդ օրը հարազատներին ասել են, որ պետք է անհապաղ վիրահատել Հասմիկի գլուխը։

Սպասման 18 օր

Հիմա, կատարվածին հայացք նետելով, տիկին Անահիտը խոստովանում է, որ այն ժամանակ զգում էր, որ իր զարմուհին մահացել է դեռ վիրահատական սեղանին։ Բայց ե՛ւ նա, ե՛ւ մյուս բոլոր ազգականները ցանկանում էին հավատալ, որ նրան դեռ կարելի էր փրկել։

Ուղիղ 18 օր ազգականները մտել են վերականգնողական սենյակ, որտեղ պառկած էր Հասմիկը՝ միացած արհեստական կենսապահովման սարքերին, շփվել են նրա հետ, ինչ-որ բաներ ասել…

Հարազատների խոսքով՝ բժիշկները, ամենայն հավանականությամբ, իրենք էլ չէին հավատում, որ Հասմիկին դեռ կարելի էր փրկել. պարզապես նրանց սին հուսյերով էին կերակրում։ Հերթապահ բժիշկները վերականգնողական բաժանմունքում փորձում էին Անահիտին ակնարկել, որ քանի որ նա բուքույր է եւ ավելի լավ է հասկանում, թե բանն ինչ է, գուցե արժե, որ մյուս հարազատներին ասի, որ Հասմիկի վիճակը «ծայրահեղ ծանր է»։

18-րդ օրը տիկին Անահիտը, մտնելով բաժանմունք, այնտեղ իրարանցում է նկատել։ Երկու բժիշկ Հասմիկի սրտի մերսում էին կատարում, փորձում վերակենդանացնել նրան։ Անահիտն ինքն էլ փորձել է օգնել նրանց։ Բայց որոշ ժամանակ անց արձանագրվել է պացիենտի մահը։

Նա անճանաչելի էր դարձել

Այդ 18 օրվա ընթացքում Հասմիկն անճանաչելի էր դարձել։ Երբ հարազատները գնացել էին դիահերձարանից վերցնելու նրա մարմինը, նրանք տառացիորեն չէին ճանաչել նրան եւ համոզված էին, որ դա մեկ ուրիշ՝ անծանոթ կնոջ մարմին է։ Արդյունքում՝ տիկին Անահիտը ճանաչել է զարմուհուն եղունգներից. նրա դեմքն իսկապես անճանաչելի էր։

Դիահերձարանի աշխատակցուհին ասել է, որ այդ փոփոխությունները լիովին սպասելի են եղել, քանի որ «այդ աղջիկն իրականում արդեն առնվազն 10 օր է՝ մեռած է եղել»։

Ո՞վ է մեղավոր

Ազգականների խոսքով՝ գուցե վիրաբույժը սխալ է թույլ տվել վիրահատության ժամանակ։ Լուրջ սխալ էր արդեն այն, ըստ տիկին Անահիտի, որ վիրահատությունից առաջ կոնտրաստային նյութով համակարգչային տոմոգրաֆիա չեն կատարել, որպեսզի տեսնեն անոթների դիրքն ու գնահատեն բոլոր հնարավոր վտանգները։ Ազգականները չեն բացառում նաեւ այն, որ վիրահատությունը կարող էր կատարած լինել օրդինատորը, եւ որ նա Հասմիկի համար ճակատագրական սխալ է գործել։

«Մենք վիրահատարանում չենք եղել, եւ մենք չգիտենք, թե ինչ է այնտեղ կատարվել»,- ասել է տիկին Անահիտը։

Ներկայում այս գործով հետաքննություն է վարվում, եւ «Հերացի» հիվանդանոցային համալիրում նշել են, որ հետաքննությունն ամեն բան տեղը կդնի. եթե քննչական միջոցառումների ավարտից հետո պարզվի, որ կան մեղավորներ, նրանք պատասխանատվության կենթարկվեն։

Հասմիկի ազգականները հույս ունեն, որ ճշմարտությունը կհաղթանակի։ Նրանք նաեւ հույս ունեն, որ փորձաքննության փաստաթղթերում եւ արդյունքներում ոչինչ չեն կեղծի, եւ իրենք, վերջապես, կիմանան ճշմարտությունն այն մասին, թե ինչ է իրականում կատարվել իրենց հարազատի հետ։

Իսկ առայժմ նրա ազգականներին անհանգստացնում է այն փաստը, որ Աննա Պողոսյանը իրենց համարները սեւ ցուցակ է գցել եւ հրաժարվում է շփվել եւ որեւէ բան բացատրել։

Վերջերս Հասմիկի աղջիկը տատիկին հարցրել է, թե կարող է արդյոք տատիկը տալ այն բժշկի հեռախոսահամարը, որը վիրահատել է իր մայրիկին։

«Ինչի՞դ է պետք, փոքրիկս»,- հարցրել է տիկին Անահիտը։

«Ուզում եմ նրան հարցնել՝ մայրիկս ո՞ւր է»,-ասել է աղջիկը։