Նորակոչիկներին ուղարկել են թաքստոց եւ երկուսով մարտի բռնվել թշնամու հետ․․․19-ամյա Գրիգորը Գեղարքունիքի ․․․

1086

Սեպտեմբերի 13-ի ՝ լույս 12-ի գիշերը՝ թշնամու հարձակումը հետ մղելու ժամանակ անմահացել է նաև 19-ամյա Գրիգոր Գևորգյանը՝ Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր գյուղից: Գրիգորն ու դիրքի ավագը, թշնամու նախահարձակ գործողություններից իրենց չկորցնելով, անմիջապես թաքստոց են ուղարկել դիրքի բոլոր նորակոչիկներին և երկուսով մարտի բռնվել մի քանի անգամ թվային գերակշռություն ունեցող թշնամու հետ:

Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Գրիգորի հորեղբոր որդին՝ Վարազդատը:


Օրվա աստղագուշակ


«Տղաները երկուսով փորձել են պահել դիրքը, բայց Գրիգոր զոհվելուց և դիրքի ավագի վիրավորվելուց հետո թշնամին վերցրել է այն: «Սնարյադն» ընկել է եղբորս ու դիրքի ավագի միջև: Ավագին հարվածի ալիքը շպրտել է, իսկ եղբորս ստացած վիրավորումը կյանքի հետ անհամատեղելի էր: Հարվածից դիրքի ավագն ուշագնաց էր եղել, հետո երբ ուշքի է եկել ու գնացել, որ Գրիգորին հանի, արդեն ուշ էր».-ասում է Վարզդատն ու ավելացնում, որ այդ ամենի մասին ինքը՝ դիրքի ավագն է պատմել իրենց՝ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո:

Վերջին անգամ Գրիգորը մոր՝ տիկին Լիանայի հետ է խոսել՝ գիշերվա ժամը 1-ի կողմերը:

«Զանգեց ասաց՝ մամ ջան, չվախենաք, սարի նման ձեր թիկունքին կանգնած ենք: Ասի՝ ցավդ տանեմ, չենք վախենա, մենակ քեզ համար ենք վախենում, դու զգույշ եղիր: Ասաց լավ, բայց հեռախոսս կորել է, առավոտյան կզանգեմ: Ու էլ չզանգեց… չգիտեմ էլ՝ դեպքը երբ է եղել»,-պատմում է մայրը:

Գրիգորի հեռախոսը գտել է դիրքի ավագը և հիվանդանոցից դուրս գրվելուց հետո տարել ու փոխանցել է Գրիգորի հարազատներին: Ծառայությունից Գրիգորից մնացած միակ հուշն այդ հեռախոսն է:

Հորեղբայրը՝ Քաջիկ Գևորգյանը պատմում է, որ մինչև հիմա հրամանատարությունը Գրիգորի անձնական իրերը չի հանձնել ընտանիքին:
«Ինչպես երևում է՝ շատ անտարբեր ու անմակարդակ հրամանատար է եղել:

Այնքան անտարբեր էր, որ Գրիգորի ծառայության ամբողջ ընթացքում՝ տարի երեք ամիս, մի անգամ չի բարձրացել դիրքեր, որ տեսնի, թե իր զինվորներն ինչ պայմաններում են ծառայում: Այս ընթացքում մի անգամ գոնե չի էլ զանգել, որ ասի՝ ցավակցում եմ… Մենք ենք զանգել, ասել, որ մեր երեխայի իրերը տան, իրենից մնացած հուշեր են դրանք, ու նա անգամ չէր էլ իմանում, թե իր զինվորը, որ զոհվել է, որ դիրքում էր ծառայում»,-ասում է հորեղբայրը:

Խաչաղբյուրի գյուղապետը՝ Սերգո Գալստյանը, ում որդին էլ՝ Նարեկ Գալստյանը, 44-օրյա պատերազմում է զոհվել, Գրիգորի մասին անցյալով չի կարողանում խոսել: Ասում է՝ շատ բարի, աշխատասեր ու ընկերասեր մարդ էր, ծնողների թևն ու թիկունքն էր: Գրիգորն ու Նարեկը ընկերներ են եղել և երկուսն էլ՝ մեկը 44-օրյայում, մյուսը՝ այս՝ վերջին պատերազմի ժամանակ զոհվել են՝ հանուն իրենց երկրի պաշտպանության:

«Հողը արյունով են պահում, այլ կերպ չի լինում: Այդ տղաները արյուն են թափել իրենց հողի համար: Հողի համար պիտի արյուն թափես. եթե չթափես, թողնես գնաս, օտարության մեջ ազգդ կվերանա»,-ասում է Գալստյանը:
Գրիգորը տան կրտսերն ու միակ արու զավակն էր:

Աղբյուր` Փաստինֆո