Ստեփանակերտի օդանավակայանի բոլոր մուտքերն այս պահին փակ են։
MediaHub-ին բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը փոխանցեց, որ ակցիայի նպատակը ռուս խաղաղապահներից Արցախից հեռացնելը չէ, այլ այն, որ վերջիններս իրենց պարտականությունները կատարեն։
«Չկատարելու արդյունքը մի քանի օր առաջ տեսանք՝ մեր երեք տղերքի կորուստն էր։ Այս ընթացքում մեզ հետ դեռ ոչ ոք չի հանդիպել, խաղաղապահների հրամանատար Անդրեյ Վոլկովին չենք տեսել։ Դեռ մեկ ժամ էլ այստեղ կմնանք»,-ասաց նա։
Նա նշեց, որ իրենց հետ որևէ քաղաքական ուժ չկա, պայքարն էլ քաղաքական ենթատեքստ չունի։
«Ինքնաբուխ հավաք է, որը ձևավորվեց տղերքի մարմինները հողին հանձնելուց հետո, որ մեր սրտերն էլ հանգստանան, չստացվի, որ տեղներիցս չենք շարժվում»,- հավելեց նա:
Հիշեցնենք՝ ավելի MediaHub-ը հայտնել էր, որ այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից երիտասարդները, պատերազմի մասնակիցները ակցիա են իրականացնելու։ Ակցիայի մասնակիցները ավտոերթով շարժվելու են դեպի ռուս խաղաղապահների տեղակայման վայր։
Ընդգծենք, որ մամուլն ավելի վաղ գրել էր, որ կիրակի Արցախում տեղի ունեցած ահաբեկչական միջադեպից հետո, որին զոհ գնաց երեք ոստիկան, Արցախում կրկին աճել են հակառուսական տրամադրությունները և պատրաստվում են խաղաղապահների զորամիավորման կենտրոնի առջեւ բողոքի ցույցեր անել՝ պահանջելով խաղաղապահների հրամանատար Անդրեյ Վոլկովի հրաժարականը։
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ ՈՒ ՀԵՏևԵՔ ՄԵՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ TELEGRAM-ՈՒՄ