«Վախ է մտել մեջս, ահավոր մի վախ». Նիկոլ Փաշինյանի հուզիչ գրառումը…..

1071

Վախ է մտել մեջս, ահավոր մի վախ: Վախենում եմ հիասթափեցնել… Ինձ պատառիկներ են հասնում ինտերնետային քննարկումներից, որոնց մասնակիցները կարծիքներ են արտահայտում իմ մասին: Դրանք տարաբնույթ են, բազմաշերտ` ի սրտե բացասականից մինչեւ ի սրտե դրական․․․ Վախս, ահա, այս վերջին խմբում գտնվող մարդկանց առջեւ է, ովքեր, մեղմ ասած` դրական կարծիքներ են արտահայտում իմ մասին: Մեղմ ասած: Կան կարծիքներ, որոնք վաղուց են հատել սովորական դրականի սահմանագիծը․․․   Ֆեյսբուք սոցիալական ցանցում, օրինակ, մի այցելու իմ մասին թողել է հետեւյալ գրությունը. «Իրեն հիշելով` ես հավատում եմ բարոյականությանը, կամքին, ազնվությանը, իրեն հիշելով` փորձում եմ չդավաճանել ինքս ինձ»․ Ի՞նչն է ուրեմն վախեցնում ինձ. արդյո՞ք հաճելի չէ սեփական անձի մասին այսպիսի թեկուզ մեկ կարծիք լսել: Հաճելին հաճելի է, բայց նաև` վախենալու… Այն պահից, երբ առաջին անգամ գրիչ եմ վերցրել եւ հոդված գրել` ինքս ինձ հաշիվ եմ տվել, որ հրապարակային դեմք եմ այլեւս ու ցանկացել եմ, շատ եմ ցանկացել լինել անբիծ․․․ Անբիծ ազնվությամբ, անբիծ բարոյականությամբ, անբիծ արդարությամբ, անբիծ նպատակներով: Քավ լիցի, չեմ ասի, թե տապալել եմ այդ գործը, բայց բծեր, ինչպես հասկանում եք, առաջացել են․․․ Կյանքը, կենցաղը, մրցավազքը, մրցակցությունը, երբեմն` անելանելիությունը առաջացրել են այդ բծերը: Եղել են սխալ եւ կասկածելի արարքներ․․․ Ազնիվ, անբիծ, արդար, բարոյական, անշահախնդիր. իձ բնորոշելու համար այսպիսի բառերի օգտագործման թեկուզ աննշան դեպքերի հանդիպելիս ես ափսոսում եմ, որ չեմ կարողացել կատարյալ լինել եւ երբեք էլ չեմ կարողանա․․․ Հաջորդ պահին վախենում եմ, որովհետև նման բառերի, մակդիրների օգտագործումը ապացույցն է, որ տվյալ անձը, գրության հեղինակը, այդ մեկ հոգին, 1+-ի այդ միակ, եզակի հետեւորդը իր համար էական ինչ-որ բան է փնտրել եւ գտել իմ գործունեության մեջ․․․   Նա ոգևորվում է ինձնով, հպարտանում, հիանում ու դրանից մի չնչին, բայց էական դրական լիցք է ստանում, գուցե և դառնում Ազատ եւ Երջանիկ Հայաստանի համար մղվող պայքարի հետեւորդ եւ դա անում է` մտածելով որ ես` Նիկոլ Փաշինյանս, ազնիվ եմ, արդար, բարոյական, անշահախնդիր․․․

Ահա ա յստեղ է, որ վեր է հառնում վախը: Իսկ ի՞նչ կլինի այդ մարդու հետ, եթե նա մի օր իմանա, որ այդ նույն Նիկոլ Փաշինյանը այսինչ տարվա այսինչ ամսվա այսինչ օրը, այսինչ վայրում անազնիվ մի քայլ է արել այսինչի հանդեպ: Կամ` անարդար է վարվել այսինչի հետ: Կամ` բարոյապես կասկածելի ինչ-որ արարք է կատարել: Կամ` շահախնդրություն է ցուցաբերել այսինչ հարցում: Կամ, կամ, կամ, կամ… Ցանկացել եմ, միշտ ցանկացել եմ անբիծ լինել, որովհետև հասկացել եմ, որ պատասխանատու եմ մարդկանց առջեւ, մարդկանց համար: Չեմ ասի, թե տապալել եմ այդ գործը, բայց ` հասկանո՞ւմ եք, բծերից խուսափել չի հաջողվել:   Կյանքը, կենցաղը, մրցավազքը, մրցակցությունը, երբեմն` անելանելիությունը առաջացրել են այդ բծերը: Եղել են սխալ եւ կասկածելի արարքներ: Վախ է մտել մեջս, ահավոր մի վախ: Վախենում եմ հիասթափեցնել… Հ.Գ. Նաեւ վախենում եմ գրածս սխալ հասկանաք: Սխալ չհասկանաք: Ու չվախենաք: Չեմ հիասթափեցնի:

Նիկոլ Փաշինյան / «Արթիկ» ՔԿՀ մենախուց. 23, դեկտեմբեր, 2010

Նյութի աղբյուրը`MaxInfo.am