Ծնողը գնացել է նրանց հետևից, գտել է մեկի դին, իսկ մյուսին դեռ չեն գտնում. մանրամասներ Սարսանգի ջրամբարում ջրահեղձման ողբերգական դեպքից

268

Երեկ երեխաները գնացել էին Սարսանգի ափերի մոտ անասունների հետևից՝ ժամը հինգից վեցն ընկած հատվածում, սակայն ուշացել են, ծնողը ընկերոջ հետ գնացել է երեխաների հետևից և երեխաներից մեկի դին ջրի ափի մոտ իրենք են գտնում, մյուսն էլ չկա: Այս մասին Tert.am –ի հետ զրույցում ասաց Արցախի Մարտակերտի վարչակազմի ղեկավար Հայկ Բախշիյանը` անդրադառնալով երեկ տեղի ունեցած դեպքին, ըստ որի՝ հուլիսի 3-ին ժամը 21։20-ին տեղեկություն է ստացվել, որ Մարտակերտի Վերին Հոռաթաղ համայնքի անչափահաս բնակիչներ՝ Է.Ա.-ն՝ ծնված 2009 թվականին և Դ.Ս.-ն՝ ծնված 2006 թվականին, ջրահեղձ են եղել:

Նշենք, որ Է. Ա.-ի դին հայտնաբերվել է ջրամբարից և շտապօգնություն մեքենայով տեղափոխվել Գետավանի տեղամասային հիվանդանոց, իսկ Դ. Ս.-ին դեռևս չեն հայտնաբերել: Փրկարարաորոնողական աշխատանքները շարունակվում են:

Վարչակազմի ղեկավարը նշեց, որ 11 և 14 տարեկան երեխաները հարևաններ էին, ընկերներ էին և միասին միշտ գնացել էին անասունների հետևից:

Նա նշեց, որ չգիտեն, թե ինչ կարող է պատահած լիներ: «Երեխաները չեն մտել լողանալու, քանի որ նրան, ում դին հայտնաբարվել է, շորերը հագն են եղել, իսկ մյուսից ոչ մի բան չեն կարողանում գտնել»,-պատմեց Հայկ Բախշիյանը:

hayeli.am