Ի՞նչ կապ ունեք ժողովրդի ու իր հոգուցավի հետ․ Ուզում եք «տժժա՞լ», գնացեք անթալիական լողափները, այնտեղ ձեզ երևի սպասում են

183

Չէ՛, այդ մենք պիտի ասենք՝ «կներեք», որ... ձեր նմանները իշխանություն են, դեռ

Կանաչած Սևանա լճի՝ Շորժայի մերձակայքում նորովի «դզած-փչած» մեծ լողափում իշխանական պատգամավորի ու ոչ միայն նրա մասնակցությամբ հավաքույթը, իհարկե, ավելին է, քան պարզապես հանրությանը վրդովեցրած եղելություն: Որպես երևույթ, այն դժվար է բնորոշել այլ կերպ, քան՝ «խրախճանք՝ ժանտախտի ժամանակ» կայուն ձևակերպմամբ:

Ի՞նչ է եղել:

«Սպիտակ Շորժա» լողափում, որը բացարձակապես ո՛չ մի, դե ասում ենք՝ ընդհանրապես ո՛չ մի կապ չունի Նիկոլ Փաշինյանի քաղմերձավոր, իշխանական «քայլախմբակցության» պատգամավոր Հայկ Սարգսյանի և նրա հարազատության հետ, հուլիսի 26-ին զանգվածային «քեֆ-ուրախություն» է տեղի ունեցել, իշխանության եկածների բառապաշարով ասած՝ «փարթի»: Դե «լողափվել» է օրվա «զալատոյ ջահելությունը», կերել, խմել, լողացել, երգել, պարել, «տժժացել»: Ուրիշ ի՞նչ են անում լողափնյա «փարթիների» ժամանակ: Հա, էն անհեթեթ արաբական գալարամորճից են փստփստացրել, էն որ նարգիլե է, թե կալյան, որ թոքերի հերն անիծում է ցանկացած սիգարետից ավելի արդյունավետ:

Եվ ահա, այդ ամենի դրվագներ պատկերող տեսապատառիկներ ու լուսանկարներ են հայտնվել համացանցում և մեծ աղմուկ է բարձրացել: Դրան նպաստել է այն, որ «քեֆ-ուրախության» էպիկենտրոնում է հայտնվել «Իր քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, մեր ժամանակների երևելի քաղաքական գործիչ, ում հիմնական քաղաքական արժանիքն այն է, որ բառացիորեն որոշ ճանապարհ է անցել Նիկոլ Փաշինյանի հետ և հաջողացրել է նրա կողքին լինել այն պահին, երբ «թավշյա» առաջնորդը ծարավ էր ու մի շիշ ջրի կարիք կար:

Չէ, էլի, ասացինք, որ Հայկ Սարգսյանը ոչ մի կապ չունի այդ «Սպիտակ Շորժա» լողափի հետ: Հետո՞ ինչ, որ նրան բռնացրել են այդ հիմնարկի bar-ի կամ դրամարկղի համակարգչի առջև նստած: Հեռախոսի մարտկոցը լիցքաթափվել էր, մարդը երկու րոպեով այդ համակարգչից ինտերնետ էր մտել, էլեկտրոնային փոստարկղը ստուգելու: Ի՞նչ մի աղմուկ-աղաղակ եք բարձրացրել, այ «տուգանքի մատերիալներ»:

Հա, ու վրդովված հասարակությունը ձայնը գլուխն է գցել, թե տեսե՜ք, տեսե՜ք՝ իշխանական պատգամավորի մասնակցությամբ զանգվածային քեֆ-ուրախություն է կազմակերպվել, որի մասնակիցներն առանց շնչադիմակների են ֆռֆռում: Այն իշխանության կողմնակիցներն ու պաշտիստները, էլ չենք ասում՝ ներկայացուցիչները, որոնք ոստիկաններով հարձակվում են խաղաղ բնակչության վրա, աջուձախ ու բռիաբար տուգանում, խլում վերջին 10 հազար դրամը, վիրավորում են երիտասարդ աղջիկներին ու կանդալած քարշ տալիս «քաղմաս» միայն այն բանի համար, որ այդ անիծված դիմակը մի քիչ ծուռ են դրել կամ չեն դրել:

Իսկը՝ Օրուելի «Անասնաֆերմա»-ն (նրան չեն մտցրե՞լ «Գրականության» ցանկ, չնայած… դա ավելի շուտ արգելված գրականություն կլինի, նորից), էն որ ասում է՝ բոլորը հավասար են, բայց ոմանք ավելի հավասար են, քան մյուսները:

Հա, ու երբ աղմուկ բարձրացավ, Հայկ Սարգսյանը հայտարարեց, թե… լողափն իրենը չէ (կասկածող լիներ), ինքը հավաքույթի կազմակերպիչը չէ, այդտեղ ընդհանրապես մի երկու րոպե է եղել, որ «թշնամական մամուլը» հետապնդում է իրեն ու «պատվերով լուսանկարում», ու առհասարակ… ներողություն է խնդրում խալխից, խմբակցությունից, պարետատնից, դե իսկ տուգանքն էլ ոնց որ արդեն ձևակերպված է:

Հարցեր կա՞ն: Կա՛ն:

Ինչ վերաբերում է ներողություն խնդրելուն, ապա այդ մենք կամ ավելի ճիշտ՝ «պողոսները» պիտի ասեն՝ «էդ դուք մեզ «կներեք», որ ձեր նմաններին բերել-դրել ենք իշխանական թախտին ու հանդուրժում ենք, դեռ…»:

Ինչ վերաբերում է երևույթին… Կա ուշադրության ու վրդովմունքի շատ ավելի լուրջ ու մեծ հիմնապատճառ, քան մերիշխանականների զանգվածային անդիմակ հավաքույթը և հասարակության նկատմամբ դիմակային արհամարհանքն ու բացահայտ ծաղրը, որ դրսևորվում է այս իշխանության զանազան ներկայացուցիչների կողմից:

Որն է վրդովմունքի, զայրույթի ավելի լուրջ հիմնապատճառը: Մենք, ախր, ինչ-որ տեղ Նոր Զելանդիայում չենք, ժողովուրդ: Բացի այն, որ Փաշինյանի իշխանության պատճառով երկրում առողջապահական ու սոցիալ-տնտեսական խայտառակ ծանր իրավիճակ է ստեղծվել, ընդամենը օրեր առաջ երկիրն ու ժողովուրդը, իր բանակի հետ պատերազմական ակտիվ գործողությունների վիճակում էին: Եվ այն չի էլ թոթափվել: Մոռացա՞ք:

Օրեր առաջ Հայոց բանակը դիմակայում էր թշնամու հերթական ելուզակությանը: Այդ ընթացքում չորս հայ զինվորական զոհվեց, մեր ևս երկու զինվորական զոհվեց մարտական գործողություններին հաջորդած այս օրերին, մեկը ծանր վիրավորում ստանալու հետևանքով, մյուսը՝ թշնամու դիպուկահարի կրակից:

Համաճարակին դիմագրավելու հարցում օրվա իշխանության դրսևորած ապաշնորհության հետևանքով կորոնավարակից ամեն օր մարդիկ են մահանում, արդեն ավելի քան 700 մարդ է մահացել վերջին 5 ամսվա ընթացքում:

Ու այդ պայմաններում դուք երգում-պարո՞ւմ եք… «Տժժո՞ւմ» եք…

…Դուք է՛դ եք: Ու առհասարակ, ի՞նչ կապ ունեք ժողովրդի ու իր հոգուցավի հետ: Ուզում եք «տժժա՞լ», գնացեք անթալիական լողափները, այնտեղ ձեզ երևի սպասում են, մանավանդ, որ ձեր «վոժդերից» մեկը պնդում է, թե պատերազմի դեպքում Թուրքիան չի խառնվի:

Արմեն Հակոբյան

7or.am