Անհայրենիք ու անծնող մարդիկ են եկել իշխանության, ովքեր լկտիաբար խաբում են ժողովրդին․Զ․Փոստանջյան (video)

530

 

Դիմակներ կրելու պարտադրանքն արհեստական է, քանի որ գործող Կառավարությունը ի սկզբանե չկարողացավ կառավարել կորոնավիրուսի ռիսկերը։ Պարտադրում են դիմակ կրել, որպեսզի այսկերպ փոխհատուցեն իրենց անգործությունը։ Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը։

Դիտարկմանը՝ ո՞վ է պատասխան տալու այս շոգին դիմակներ կրելու պարտադրանքով առաջացած հիվանդությունների ի հայտ գալու համար, Զարուհի Փոստանջյանը նշել․«Կան հիմնավորումներ, որ դիմակ կրելն անհրաժեշտություն է, բայց ոչ բոլոր վայրերում, ոչ դրսում։ Իրենց այս արարքներով Կառավարությունն ավելի շատ վնասում է, քան օգնում»։

Հարցին՝ ինչու՞ Կառավարությունը գնաց այսպիսի ծայրահեղ քայլերի, Զարուհի Փոստանջյանը պատասխանել է․ «Իշխանությունը ոչ մի կանխարգելիչ քայլ չարեց, որպեսզի զսպի այս համավարակի տարածումը, դրա համար էլ գնում են այսպիսի քայլերի»։

Անդրադառնալով օրերս մամուլում հայտնված տեղեկությանը, որ իշխանական պատգամավորը, ոստիկանապետը արտակարգ դրության ժամանակ մասնակցում են խնջույքների ու մի ներողություն խնդրելով աղմուկն այս հարցերի շուրջ մարում է, քաղաքական գործիչն ասել է․ «Եթե իշխանության ներկայացուցիչները մասնակցում են բազմամարդ հավաքների, ծաղրում են քաղաքացիներին»։

Ըստ Զարուհի Փոստանջյանի՝ իշխանությունը պարտավոր է քաղաքացիներին դիմակներով ապահովել․ «Ես վստահ եմ, որ մարդիկ մեկ դիմակը օրերով են կրում։ Եթե Կառավարությունն ասում է՝ հաց գնելու փոխարեն դիմակ գնիր, պարտավոր է հասարակությանը դիմակներ տրամադրել։ Երբ մի արգելք են սահմանում, պետք է հաշվի առնել՝ քաղաքացիներն ինչքան են տուժում այդ արգելքներից»։

Զարուհի Փոստանջյանի համոզմամբ՝ Կառավարությունը մշտապես հասարակությանը վնաս է պատճառում և անպատիժ է մնում։