Ես մեղավո՞ր եմ, որ խելք ունեմ ու ճկուն եմ. Սամվել Ալեքսանյան

1143

cover

«Ես մեղավո՞ր եմ, որ խելք ունեմ ու ճկուն եմ»։ Սրանք բոլոր իշխանությունների ամենասիրելի ու թերեւս ամենահաջողակ գործարարի՝ Սամվել Ալեքսանյանի խոսքերն են։ Գործարարին պատահաբար հանդիպեցինք իր նորակառույց «Մեգամոլ»-ում։ Նա նեղսրտած է, որ մարդիկ իր ճկունությունը, բոլոր իշխանությունների հետ խելամիտ հարաբերվելու տաղանդը գնահատելու փոխարեն իրեն քննադատում են, թե ինչու է, ասենք, քաղաքապետարանին «ԿամԱԶ» նվիրել։


«Լա՞վ չի, որ նվիրում են, քաղաքապետին էդքան քննադատում էիք, որ զիբիլի հարցը չի լուծում, հիմա լավ չի՞, որ օգնում են, որ լուծի։ Էնքան գրեցիք, մարդ չի ուզում մի լավ բան անի արդեն, հեսա, որ գործերս մի քիչ լավ լինեն, ավտոբուսներ եմ առնելու, նվիրեմ քաղաքապետարանին»,- մեզ հետ զրույցում «ԿամԱԶ»-ների նվիրատվության թեմայով արդարանում էր Ալեքսանյանը։

Ի դեպ, նա էլ, Հայկ Մարությանի նման, հերքում  է քաղաքապետարանին իր նվերները, թերևս հիշելով, որ քաղաքապետն ասել է՝ «ԿամԱԶ»-ներ նվիրած «Ալեքս ընդ հոլդինգ» ընկերությունն Ալեքսանյանին չի պատկանում։ Ալեքսանյանին ասացինք, որ գնահատում ենք իր անկեղծությունը, բայց ավելի գնահատելի կլիներ, եթե քաղաքապետի ոճով չհերքեր անհերքելին, այլ ավելի ազնիվ լիներ եւ հայտարարեր այն, ինչ բոլորին է հայտնի։ Ալեքսանյանը նաեւ հիշեցրեց, որ ինքը դեռ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներից է սկսել բիզնեսով զբաղվել, երբ մետրով կտոր էր վաճառում ու բոլոր իշխանությունների հետ էլ լավ է եղել։ Թերեւս այդտեղ է նրա խելքի ու ճկունության գաղտնիքը։ Դրա համար էլ այսօր ոմանք՝ ոչ այնքան ճկունները, բանտում են կամ հետապնդվում են, իսկ ինքը նոր մոլեր ու գործարաններ է բացում, իշխանական հավաքույթներին է մասնակցում, Նիկոլ Փաշինյանն էլ իր ձեռնարկների բացումն է օրհնում եւ հարկային արտոնություններ տալիս։

yerevanpress.com