Հայաստանը Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության(ՆԱՏՕ) առաքելությունում (Բրյուսելում), Եվրոպայում անվտանգության համագործակցության (ԵԱՀԿ) առաքելությունում (Վիեննա) և Եվրոպայում դաշնակիցների գերագույն հրամանատարությունում (Մոնս) իր ներկայացուցիչներին փոխել է պաշտպանության հարցերով կցորդներով: Համապատասխան որոշումը կառավարությունն ընդունել է փետրվարի 15-ի նիստում։
Իրավական ակտի նախագիծը մշակվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից: Դրա ընդունումը նախարարության հաստիքների ավելացում չի ենթադրում, այն միջազգային կազմակերպություններում ՀՀ պաշտպանության հարցերով կցորդների համար, ունենալով մեկ իրավական կարգավորում, հնարավորություն կստեղծի պարտականությունների առավել լիարժեք և արդյունավետ իրականացման համար:
Ինչպես նշվում է նախագծի հիմնավորման մեջ, Նախարարությունն առաջարկում է ռազմական հարցերով պետական խորհրդականի և ներկայացուցչի քաղաքացիական ծառայության հաստիքների փոխարեն սահմանել ՀՀ պաշտպանության հարցերով կցորդների զինվորական հաստիքներ, ընդ որում, հաստիքային փոփոխությունները չեն սահմանափակում տվյալ պաշտոնները զբաղեցրած անձանց հետագա պաշտոնավարումը մինչև փոփոխությունը զբաղեցրած պաշտոնում կամ հավասարազոր պաշտոնում՝ զինվորական ծառայությունից արձակված քաղաքացիների հետ կրկին պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու դեպքում կնքվող նոր պայմանագրով:
Բացի այդ, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով քաղաքացիական հատուկ ծառայողների համար սահմանված հավասարեցումը տարածվում էր այդ մարմինների քաղաքացիական ծառայողների վրա: Միջազգային կազմակերպություններում ներկայացուցիչների հաստիքները զինվորական դարձնելու հանգամանքը պայմանավորված է նաև նրանով, որ քաղաքացիական ծառայության պաշտոնների դասակարգման նոր համակարգին անցնելով այդ հավասարեցումը չի պահպանվում: Հետևաբար, նախարարությունը պաշտոնների դասակարգման նոր համակարգին անցնելիս քաղաքացիական ծառայողների պաշտոնների ենթախմբի իջեցումը նպատակահարմար չի համարում:
Միջազգային կազմակերպություններում ներկայացուցչի և պետական խորհրդականի փոխարեն ՀՀ պաշտպանության հարցերով կցորդ ունենալը բխում է նաև տվյալ միջազգային կազմակերպություններում ձևավորված միջազգային պրակտիկայով, որտեղ պետությունների պաշտպանական և ռազմական հարցերով ներկայացուցիչներն առավելապես զինվորականներ են, բացի այդ միջազգային կազմակերպություններում ներկայացուցիչների գործունեությունն իրականացվում է ռոտացիոն սկզբունքով՝ իրար հաջորդող եռամյա փուլերով ծառայությունն ապահովելու նպատակով:
«Հետևաբար, միջազգային կազմակերպություններում ՀՀ պաշտպանության հարցերով կցորդների հաստիքները քաղաքացիական ծառայությունից զինվորական ծառայության անցնելը իրավական տեսանկյունից պայմանավորված է հետևյալ նկատառումներով.
1. «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացիական ծառայության պաշտոնները զբաղեցվում են անժամկետ՝ մրցույթի արդյունքով: Մինչդեռ ներկայացուցիչները նշանակվում են ԱԳՆ հետ համաձայնեցնելով, հավատարմագրում իրականացնելով՝ մինչև երեք տարի ժամկետով: Տվյալ դեպքում իրականացվում է հավասարազոր պաշտոնների միջև ռոտացիա, որը ներկա քաղաքացիական ծառայողների համար հնարավոր չէ, քանի որ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 12-րդ հոդվածի իրավակարգավորումներում տեղափոխման կամ փոխադրման կարգով պաշտոնի նշանակելու իրավասության ունեցող անձը մինչև երկու տարի ժամկետով պատճառաբանված որոշմամբ կարող է տեղափոխություն կատարել կառուցվածքային ստորաբաժանումների հավասարազոր քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների միջև: Իսկ փոխադրման պարագայում պաշտոնատար անձը կարող է այլ կառուցվածքային ստորաբաժանման քաղաքացիական ծառայողին յոթ աշխատանքային օրվա ընթացքում փոխադրել այդ պաշտոնին:
2. «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» նախկին օրենքի 13-րդ և 14-րդ հոդվածները նախատեսում էր, որ ՔՀԾ թափուր պաշտոնը կարող էր զբաղեցվել արտամրցութային կարգով, երբ թափուր պաշտոն առաջանալու դեպքում առնվազն մեկամսյա ժամկետում իրավասու անձը նշանակում է կատարում տվյալ պաշտոնում:
3. Պաշտպանության հարցերով կցորդների պաշտոնները, ելնելով այդ պաշտոնը զբաղեցնող անձանց աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվության, որոշումներ կայացնելու լիազորությունների, շփումների և ներկայացուցչության, գիտելիքների և հմտությունների մակարդակից, դասակարգված են եղել քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն պաշտոնների 2-րդ ենթախմբում՝ ՔՀԾ 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանով: Քաղաքացիական ծառայության պաշտոնների դասակարգման նոր համակարգին անցնելիս այդ հավասարեցումը չի պահպանվում, քանի որ քաղաքացիական ծառայության պաշտոնների գնահատման համար ոչ միայն հաշվի են առնվում այնպիսի չափանիշները, ինչպիսիք են՝ աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվություն, որոշումներ կայացնելու լիազորություն, գործունեության ազդեցություն, շփումներ և ներկայացուցչություն, խնդիրների բարդություն և դրանց լուծում, այլև այնպիսիք, որոնց պարագայում ռազմական ներկայացուցիչների՝ քաղաքացիական ծառայության պաշտոնները չեն կարող ընդգրկվել ղեկավար պաշտոնների խմբում, քանի որ առկա չեն աշխատանքների կազմակերպման, ղեկավարման, վերահսկման, համակարգման գործառույթներ, ենթակա աշխատողներ, գրասենյակ կամ կառուցվածքային ստորաբաժանում կամ կառուցվածքային ստորաբաժանման կազմում ընդգրկված կառուցվածքային միավորի աշխատանքները ղեկավարելու պահանջ: Այս պահանջների բացակայության դեպքում պաշտոնն ընդգրկվում է մասնագիտական պաշտոնների խմբում:
4. Միջազգային կազմակերպություններում ներկայացուցչի և պետական խորհրդականի փոխարեն ՀՀ պաշտպանության հարցերով կցորդներ ունենալը բխում է նաև այդ կազմակերպություններում ձևավորված միջազգային պրակտիկայից, որտեղ պետությունների պաշտպանության և ռազմական հարցերով ներկայացուցիչները ներկայումս առավելապես զինվորականներ են, բացի այդ միջազգային կազմակերպություններում ներկայացուցիչների գործունեությունն առավելապես առնչվում է համագործակցության ռազմական բաղադրիչին, իսկ քաղաքական փոխգործակցությունը և երկխոսությունը իրականացվում է առաքելության ղեկավարի կողմից:
5. Պաշտոնի նշանակման և ազատման իրավահարաբերությունները նպատակահարմար է կարգավորել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, քանի որ քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների առանձնահատկությունները սահմանող «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» ՀՀ օրենքի ուժը կորցված է ճանաչվել 2019 թվականի հունվարի 1-ից, իսկ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումը դուրս է տվյալ իրավահարաբերության առարկայի շրջանակից:
6. ՀՀ պաշտպանության հարցերով կցորդները օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնող պաշտոնատար անձինք են, ուստի հաստիքների՝ կառավարության կողմից ստեղծման անհարժեշտությունը պայմանավորված է դիվանագետի վարձատրության, ծառայության հետ կապված ծախսերի փոխհատուցման ¥տրանսպորտային ծախս, բնակվարձ¤, դիվանագետի ամուսնու իրավունքների, դիվանագիտական անձնագրի, ֆինանսավորման հետ կապված իրավակարգավորումներով:
Որոշման նախագծի ընդունումով կրճատվում է նաև ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելությունում ՀՀ ռազմական ներկայացուցչի հաստիքը, որը տևական ժամանակ թափուր է և ՀՀ պաշտպանության նախարարություն-ՆԱՏՕ պաշտպանական ոլորտում համագործակցության շրջանակներում տվյալ հաստիքի հետագա պահպանումը այլևս նպատակահարմար չէ:
Այսպիսով, Նախագծերի ընդունմամբ սահմանվում են.
1) Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելությանը կից Հայաստանի Հանրապետության պաշտպանության հարցերով կցորդի հաստիքը.
2) Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելությանը կից Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարությունում Հայաստանի Հանրապետության պաշտպանության հարցերով կցորդի հաստիքը.
3) Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելությանը կից Հայաստանի Հանրապետության պաշտպանության հարցերով կցորդի հաստիքը.
4) կրճատվում է Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելությունում Հայաստանի Հանրապետության ռազմական ներկայացուցչի հաստիքը»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝