«Երեխան ի՞նչ է ցանկանում»,- հարցնում է քահանան:
Օրվա աստղագուշակ
«Հավատք, հույս, սեր և մկրտություն»,- պատասխանում է կնքահայրը:
Կնքահայրը մկրտվողի հոգևոր ծնողն ու դաստիարակն է, ում վստահվում է երեխայի հոգևոր կյանքի աճն ու զարգացումը: Ժողովրդական լեզվում տարածված է նաև «քավոր» բառը, որով դիմում են կնքահորը:
Ե՞րբ է առաջացել «կնքահայր» կամ «քավոր» հասկացությունը
«Կնքահայր» կամ «քավոր» հասկացությունը եկել է առաջին դարերից: Այն ժամանակ նրանք կոչվում էին վկայող:
Նա այն անձն էր, ով նորադարձ հավատացյալին բերում էր քրիստոնեական համայնք, վկայում, որ նա կարող է անդամագրվել տվյալ համայնքին և արժանի է մկրտության:
Դարերի ընթացքում այդ մարդը դարձել է կնքահայր (քավոր), բայց, ըստ խորհրդի բուն էության, նույն վկայողն է: Կնքահոր հիմնական պարտականությունը հոգևոր և քրիստոնեական դաստիարակությամբ զբաղվելն է:
Հայկական ընտանիքներում և կենցաղում կնքահայրը կամ քավորը հատուկ տեղ և դեր ունի: Առանց նրա չի կատարվում ոչ մի ընտանեկան իրադարձություն, իսկ ավանդական երկրորդ կամ երրորդ կենացը հաստատ հնչում է կնքահոր կամ քավորի պատվին: Սակայն մինչև կնքահորն ընտրելն ընտանիքը կանգնում է մի շարք հարցերի առաջ:
Ովքե՞ր կարող են կնքահայր լինել
Մկրտվողի հարազատ եղբորից, հայրիկից և պապիկից բացի՝ ցանկացած մարդ: Կնքահայրը պետք է լինի մկրտված, չափահաս տղամարդ:
Եկեղեցու ավանդույթի համաձայն՝ նախընտրելի է, որ կնքահայրը լինի կա՛մ հեռու բարեկամ, կա՛մ ընդհանրապես արյունակցական կապ չունենա, քանի որ կնքահոր անձի ընտրության նպատակն է, որ մկրտվողի կողքին ավելանա նրա մասին հոգացող ու հավատավոր ևս մեկը:
Կնքահայր ընտրելիս կարևոր է նկատի ունենալ, որ վերջինս լինի բարեպաշտ քրիստոնյա և ունենա օրինակելի ընտանիք: Որպես կնքահայր կարող է հանդես գալ նաև հոգևորականը:
Ովքե՞ր չեն կարող կնքահայր լինել
Կնքահայր չեն կարող լինել կանայք, անչափահասները, անհավատները, այլակրոնները, այլադավները, մկրտվողի հայրը, եղբայրը կամ պապիկը:
Պարտադի՞ր է, որ կնքահայրն ու կնքամայրն ամուսիններ լինեն
Մեր եկեղեցին չունի «կնքամայր» հասկացողությունը։ Պարտադիր չէ, որ կնքահայրն ամուսնացած լինի:
Հայ եկեղեցու կանոնական որոշումների համաձայն` միայն տղամարդը կարող է կնքահայր լինել: Մկրտվողի կնքամայրը հանդիսանում է այն եկեղեցին, որտեղ անձը մկրտվում է, քանի որ եկեղեցու արգանդից՝ Մկրտության ավազանից է ծնվում քրիստոնյան։
Կնքահայրն իր սանիկի ընտանիքի հետ հոգևոր ազգական է դառնում: Եկեղեցական կանոնների համաձայն` կնքահայրը չի կարող խնամիական կապ ունենալ իր սանիկի հետ:
Ի՞նչ դերակատարում ունի կնքահոր կինը: Արդյո՞ք նա կնքամայր է:
Դա ձևական պաշտոն է։ Կինը կարող է լինել կնքամայր այնքանով, որքանով իր ամուսինը կնքահայր է։ Ինչո՞ւ կինը չի կարող լինել կնքամայր
Մկրտվողի հոգևոր մայրը եկեղեցին է, որի արգանդից՝ Մկրտության ավազանից, ծնվում է քրիստոնյան։
Եթե ընտանիքի նախընտրած կնքահայրը չի կարողանում մասնակցել արարողությանը, օրինակ՝ արտասահմանում է, կարո՞ղ է որևէ մեկ այլ անձ նրա փոխարեն մասնակցել արարողությանը:
Եթե ընտանիքի կողմից ընտրված կնքահայրն ինչ-որ պատճառով չի կարող մասնակից լինել եկեղեցում կատարվող արարողությանը, ապա կարելի է այլ մարդու ընտրել որպես կնքահայր:
Այս դեպքում ամենևին էլ պարտադիր չէ կնքահորը սպասելը, մանավանդ եթե հայտնի չէ, թե կնքահայրը երբ կկարողանա ներկա գտնվել։ Ուստի,առավել կարևոր է երեխայի մկրտությունը չհետաձգելը։
Սակայն եթե նկատի ունեք, որ որևէ անձ կնքահոր փոխարինողի դերում լինի ժամանակավորապես, միայն արարողության համար, ապա միանշանակ ոչ: Արարողությանը մասնակցած անձը կլինի մկրտվողի կնքահայրը:
Եթե ինչ-ինչ խնդիրներ են առաջացել, ասենք՝ կնքահայրը մահացել է կամ ընտանիքի հետ կոնֆլիկտ է առաջացել, անձը կարո՞ղ է փոխել կնքահորը:
Ս. Մկրտության կամ Ս. Պսակի ժամանակ որպես կնքահայր հանդես եկած անձին փոխել այլևս հնարավոր չէ։ Այլ բան է, որ եթե տվյալ ընտանիքում կրկին լինի Մկրտության կամ Պսակի արարողություն, լիովին հնարավոր է այլ մարդ ընտրել որպես կնքահայր։
Կարելի՞ է ամուսնանալ կնքահոր կամ նրա զավակի հետ
Անշուշտ, ոչ: Կնքահայրը մկրտության ժամանակ դառնում է սանիկի հոգևոր հայրը:
Եթե անընդունելի է մարմնավոր ծնողի հետ ամուսնանալը, ապա առավել անընդունելի է հոգևոր ծնողի հետ ամուսնանալը․ չէ՞ որ հոգին առավել է, քան մարմինը: Նույնն է նաև կնքահոր դստեր հարցում, քանի որ կստացվի, որ մարդն ամուսնանում է իր հոգևոր քրոջ հետ, որը նույնպես անթույլատրելի է: Եթե երեխայի հայրը կամ մայրը կնքված չեն, կարելի՞ է երեխային կնքել:
Ծնողների չմկրտված լինելու պտճառով եկեղեցին չի արգելում երեխայի մկրտությունը։ Սակայն ճիշտ կլինի, որ ամբողջ ընտանիքը մկրտված լինի և քրիստոնեավայել կյանքով ապրի:
Այսօր մարդիկ կարող են մկրտվել հենց այնպես՝ առանց խորհուրդը հասկանալու և կարևորելու, սակայն քրիստոնեական կենցաղավարությունն անհրաժեշտ է Աստծո ճշմարիտ հետևորդ լինելու համար:
Սակայն խիստ ցանկալի է որ ծնողներն էլ երեխայի հետ մկրտվեն։ Այլապես հակասություն է. եթե ծնողներն ընդունում են Մկրտության խորհրդի կարևորությունը և հավատքով երեխային տանում եկեղեցի՝ մկրտության, ապա ի՞նչն է խանգարում, որ իրենք էլ մկրտվեն։
Ինչո՞ւ է մկրտությունը պարտադիր
Մկրտությունը ոչ թե պարտադիր է, այլ անհրաժեշտ, քանի որ ինչպես հիվանդության ժամանակ մարդը միջոցներ է փնտրում բժշկվելու, ինչը ոչ թե պարտադիր է, այլ անհրաժեշտ, ավելին՝ կենսական պահանջ, նույն կերպ էլ մկրտությունն ադամական մեղքից մասնավորապես և մեղքերից ընդհանրապես ազատվելու և բժշկվելու անհրաժեշտ միջոց է, և ավելին՝ փրկության առաջնային պայման: Հավատի առկայությամբ մկրտվելն է փրկության նախապայմանը:
Կարելի՞ է ինչ-որ պատճառով կնքահոր փոփոխություն կատարել
Ո՛չ, չի կարելի, քանի որ Ս. Մկրտության ժամանակ տվյալ մարդն է եղել խորհրդի վկան ու երաշխավորը: Ըստ Հայ առաքելական եկեղեցու կանոնակարգի՝ յուրաքանչյուր երեխա կարող է ունենալ մեկ կնքահայր, չի բացառվում նաև, որ մի քանի երեխա կարող են ունենալ միևնույն կնքահայրը:
Կարելի՞ է հրաժարվել կնքահայր դառնալու առաջարկից, թե՞ դա մեղք է:
Կնքահայր դառնալու առաջարկից հրաժարվելը մեղք չէ: Եթե մարդն իրեն անպատրաստ է համարում այդ պարտականության համար, ապա կարող է հրաժարվել այդ առաջարկից (Զաքարիա վարդապետ Բաղումյան. «200 հարց մկրտության մասին» գրքից)։ Ի՞նչ պարտականություններ ունի կնքահայրը մկրտության խորհրդի ժամանակ Երբ քահանան երեք անգամ հարցնում է կնքահորը, թե ի՞նչ է խնդրում երեխան, կնքահայրը պետք է պատասխանի. «Հավատք, հույս, սեր և մկրտություն: Մկրտվել և արդարանալ, սրբվել մեղքերից, ազատվել դևերից և ծառայել Աստծուն»: Քահանան մանկանն ավազանի մեջ երեք անգամ ընկղմելուց հետո նրան հանձնում է կնքահորը: Վերջինս սրբիչով գրկում է իր սանիկին, իսկ չափահաս մկրտյալի դեպքում՝ լվացումից հետո սրբում նրան (Զաքարիա վարդապետ Բաղումյան. «200 հարց մկրտության մասին» գրքից)։
Ի՞նչ տարբերություն կա մկրտության և կնունքի միջև
Ի՞նչ տարբերություն կա լուսաբացի և արևածագի միջև: Ինչպես այստեղ երկրորդն առաջինի պարտադիր լրացումն է, այդպես էլ Մկրտությանն անմիջապես հետևում է Կնունքը, որը Դրոշմի սուրբ խորհուրդն է: «Դրոշմ/կնունք» նշանակում է դրոշմել կամ կնքել մկրտվածին սրբալույս մյուռոնով:
Այս երկու խորհուրդներն, ըստ էության, անբաժանելի են, քանի որ Մկրտությունը լվացումն է օրհնված ջրով, իսկ Դրոշմը մարդու կնքվելն է որպես Աստծո շնորհների կրող: Այս երկու խորհուրդները մարդու հոգևոր ծնունդն են ապահովում, նրա քրիստոնյա դառնալը:
Չի խրախուսվում կնքահոր պատահական ընտրությունը: Կնքահոր պարտականությունն անձի նկատմամբ հոգևոր խնամք տանելն է, իսկ պատահական մարդու ընտրության դեպքում տվյալ անձը կարող է մշտապես մկրտվողի կողքին չլինել: Նույն մարդը կարող է տարբեր անձանց կնքահայր դառնալ, ուղղակի պետք է մեծ պատասխանատվությամբ մոտենա այդ հարցին:
Կնքահայրը հատուկ պարտավորություն չունի գնել մկրտության խաչը, սրբիչը և մոմերը: Այդ հարցը կարգավորվում է ընտանիքների միջև:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝