Ինչո՞ւ էին Արցախում մարդիկ սարսափահար փորձում ժամ առաջ բռնել գաղթի ճանապարհը, այն դեպքում, երբ սեպտեմբերի 20-ին կրակի դադարեցման, իսկ հաջորդ օրը՝ Հակարի կամրջով գաղթն անվտանգ ապահովելու մասին Եվլախում ձեռք բերվեց պայմանավորվածություն։
Օրվա աստղագուշակ
Երբ Արցախի շրջաններն արդեն դատարկվում էին, իսկ Ստեփանակերտի մատույցներում, ծայրամասային թաղամասերում ադրբեջանական հենակետները տեսանելի էին, սեպտեմբերի 21-ին, առավոտյան ժամը 11-ի սահմաններում քաղաքը ցնցվեց հերթական խուճապից. հրազենային փոքր տրամաչափի զինատեսակներով մոտ կես ժամ ադրբեջանցիները կրակում էին քաղաքի ուղղությամբ։
Բոլորը հավաքվել էին հրապարակում, չգիտեին ի՞նչ անել։
Լուսինե Մեսրոպյանի տունը Ստեփանակերտի Զորգե փողոցում էր, դա քաղաքի արևմտյան թաղամասն է, Վերածննդի հրապարակից ոչ հեռու։ Այդ օրը՝ սեպտեմբերի 21-ին, Լուսինեն ոտքով շտապում էր հիվանդանոց աշխատանքի, բուժքույր է։ Լսելով կրակոցների ձայները, ինչպես բոլորը, ինքն էլ մտածել է, որ թուրքերը մտել են քաղաք։ Մինչ մտածում էր իր 2 զավակների անվտանգության մասին, տնից մոտ 50 մետր հեռավորության վրա ընկավ դիպուկահարի կրակից։
Գնդակը ուղիղ գոտկատեղին էր դիպչել:
«Սկզբից ցավ չէի զգում, բայց արյուն էր հոսում, բախտս բերել է նրանով, որ մեր հարևան մի կին բակում էր, նկատելով ինձ արագ մոտեցավ, շտապ օգնություն կանչեց ու ինձ տեղափոխեցին հիվանդանոց»,- պատմում է MediaHub-ի զրուցակիցը։
Լինելով բուժաշխատող` Լուսինեն ինքնօգնությամբ վիրակապել է վերքը, որ ժամանակ չկորցնի, չարնահոսի։ Հետո հանրապետական բժշկական կենտրոնում նրան ցուցաբերվել է բժշկական միջամտություն։
«Բժիշկները սկզբից մտածել են, որ բեկորային վնասվածք եմ ստացել, KT են արել, հասկացել, որ գնդակը մարմնիս մեջ է, վիրահատել են, հանել։ Սեպտեմբերի 24-ին ասացին՝ «եթե կարողանում ես քայլել, պիտի դուրս գրենք», որովհետև իրավիճակն այնպիսին էր, որ չէին հասցնում սպասարկել ռազմաճակատում վիրավորում ստացածներին»,- պատմում է Լուսինեն։
Սեպտեմբերի 25-ին Լուսինե Մեսրոպյանն ամուսնու և զավակների հետ բռնել է գաղթի ճանապարհը։ Մեկ ամիս բուժում ստացել Երևանի բուժհաստատություններից մեկում։
Հիմա Աստծուն փառք է տալիս, որ ողջ է մնացել։ Վերապատրաստվում է, որպեսզի այստեղ շարունակի մասնագիտական գործունեությունը, համալրի ՀՀ ճերմակ բանակի շարքերը։
Սեպտեմբերի 21-ի կրակոցները դարձան պատճառ, իսկ խուճապը՝ հետևանք, որ արցախցիները որոշեցին, որքան հնարավոր է արագ, կազմակերպեն իրենց ընտանիքների դուրսբերումը։
Հետևանքներից մեկն էլ, թերևս, սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունն էր, որտեղ հավաքվել էին հարյուրավոր մարդիկ։