Կորոնավիրուսով վարակվելու վտանգը մնում է բարձր, քանի որ COVID-19-ի յուրաքանչյուր նոր տարբերակ կարող է շրջանցել անձեռնմխելիությունը։ Այս մասին խոսել է Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան։ Նա նաև կարծիք է հայտնել, որ մոտ ապագայում այս հիվանդության նոր շտամներ կհայտնվեն։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում Պոպովան գնահատել է բնակչության համար COVID-19-ի սպառնալիքը։ Նրա խոսքով՝ վիրուսի յուրաքանչյուր նոր գենովարիանտ ի վիճակի է շրջանցել իր նախորդների կողմից ձևավորված իմունիտետը։
«Ուստի այսօր կա կորոնավիրուսի նոր տարբերակով վարակվելու վտանգ, որից մենք դեռ պաշտպանվածություն չունենք»,- ընդգծել է նա։ Պոպովան նաև հավելել է, որ FLiRT կորոնավիրուսային տարբերակը, որը վերջին ամիսներին տարածվել է ամբողջ աշխարհում և հասել է նաև Ռուսաստան, վերջինը չէ։ Ռոսպոտրեբնադզորի ղեկավարն ընդգծել է, որ վիրուսը հակված է մուտացիայի, այն էլ շատ արագ։ Այդուհանդերձ, ռուս մասնագետները, նրա խոսքով, սովորել են նույնականացնել մուտացիայի ենթարկված հիվանդության նույնիսկ առանձին տարբերակները։
Պոպովան հիշեցրել է, որ երկրում գործարկվել է «Սանիտարական վահան» դաշնային նախագիծը։ Դրա շրջանակներում մշտապես իրականացվում են խորը մոլեկուլային գենետիկական հետազոտություններ. շաբաթական թեստավորվում է առնվազն 500-700 նմուշ Ռուսաստանի Դաշնության բոլոր մարզերից։ Այս պահին Ռուսաստանում կորոնավիրուսի գերակշռող տարբերակը մնում է «օմիկրոնը»։ Միևնույն ժամանակ, վերջին շաբաթվա ընթացքում COVID-10-ով հիվանդացությունը նվազել է։ Դրա տարածման դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբը հայտնել է, որ այս ցուցանիշը նվազել է 6,5%-ով։ 100 հազար բնակչությանը կազմում է 7,84։ «Ռուսաստանի Դաշնության 26 բաղկացուցիչ սուբյեկտներում գրանցվել է հիվանդացության աճ, այդ թվում՝ 13 մարզերում միջին հանրապետականից ավելի», — ավելացրել են շտաբում։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝