Որ դեպքում Արևմտյան Նեղոսի տենդը կարող է փոխանցվել մարդուց մարդուն. վարակված և բուժված մայրը կարո՞ղ է կրծքով կերակրել

Միացրեք մեզ Telegram-ում

Հայաստանում օգոստոսի 7-ից մինչև սեպտեմբերի 6-ը ընկած ժամանակահատվածում Արևմտյան Նեղոսի տենդով հիվանդացության 108 դեպք է գրանցվել: Դրանց մեծ մասը արձանագրվել են Արմավիրի, Արարատի և Արագածոտնի մարզերում։


Օրվա աստղագուշակ


Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբան Կարինե Գևորգյանը։

Ըստ նրա՝ ցուցանիշերները վախեցնող չեն, հիվանդությունն էլ մասնագետներին ծանոթ երևույթ է, պարզապես, ըստ նրա, այժմ Հայաստանում եղած մոծակների ցեղատեսակներին ավելացել են նորերը, որոնք ևս կարող են վարակի տարածման աղբյուր դառնալ։

«Պետք է կանխարգելիչ միջոցառումներով և հսկողությամբ բացառենք նոր վարակակիրների շարքը։ Երևանում մոտավորապես ունեցել ենք 10 դեպք, սակայն հստակ վիճակագրություն չենք կարող ասել, քանի որ հնարավոր է՝ մարդը վարակվել է Երևանում, սակայն հաշվառված է որևէ մարզում։ Ինչ վերաբերում է 108 դեպքին, ապա դրանցից մոտ 20-ն է այս պահին հիվանդանոցային բուժում ստանում, մնացածն ապաքինվել են և տուն գնացել։ Այն մարդիկ, որոնց մոտ հիվանդությունը ունեցել է փոքր-ինչ ծանր ընթացք, նրանք շարունակելու են մնալ իրենց տեղամասային բժշկի հսկողության ներքո, քանի որ հնարավոր է՝ որոշակի անհանգստություններ ունենան, բայց համարվում են պրակտիկ առողջ»,- ասում է նա։

Վերջինս նշում է, որ հիվանդությունը ծանր ընթացք է ստանում միայն քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց և մեծահասակների շրջանում։

Հարցին՝ իսկ ի՞նչ է լինում, երբ անձը վարակվում է, սակայն որևէ ախտանշան չի ունենում և չի դիմում բժշկի, մասնագետն ասում է. «100 տոկոս դեպքերից 80-ը, օրինակ, կարող են առանց ախտանշան լինել, իսկ մնացած 20-ի մոտ ի հայտ գան գրիպային երևույթներ, հոդացավեր, մկանացավեր, ջերմություն։ Ամեն դեպքում առանց ախտանշանների էլ հիվանդը որոշակի անսովոր վիճակ կզգա, թեկուզ՝ շփոթության զգացում։ Բոլոր պարագաններում պետք է դիմել տեղամասային պոլիկլինիկայի բժշկին և ստանալ համապատասխան բուժում»:

Նրա խոսքով՝ Արևմտյան Նեղոսի տենդը չունի հատուկ բուժում, վարակակիրները ստանում են սիմպտոմատիկ բուժում։ Եթե հիվանդությունը թեթև ընթացք է ունենում, ապա այն մարդու օրգանիզմում մնում է մեկ շաբաթ։

Գևորգյանը մանրամասնում է հղի կանաց հետաքրքրող հարցերից մեկը, թե արդյոք տենդով վարակված և բուժված մայրը կարո՞ղ է շարունակել կրծքով կերակրել իր երեխային․ «Բուժումը ստանալուց և բուժվելուց հետո ապահովության համար մեկ շաբաթ էլ պահում ենք որպես, այսպես ասած, պահուստային շաբաթ, և արդեն երրորդ շաբաթում կարող են երեխային հանգիստ կերակրել կրծքով»։

Մոծակներից բացի, տենդը կարող են տարածել նաև տզերը, ասում է զրուցակիցը․ «Ամառային սեզոնին մարդիկ շատ հաճախ սիրում են գնալ, օրինակ, անտառային հատվածներ։ Այս դեպքում համապատասխան հագուստ պետք է ընտրել, քանի որ տզերը նույնպես կարող են տենդի փոխանցման պատճառ դառնալ։ Դրանք շատ երկար են մնում մարդու մաշկին, այդ պատճառով ցանկալի է անտառային զբոսանքից հետո ստուգումներ անել մաշկի, հատկապես երեխաների»։

Նա ևս մեկ անգամ բացատրում է, թե արդյոք հիվանդությունը կարո՞ղ է մարդուց մարդ փոխանցվել․ «Հնարավոր է, եթե լաբորատոր պայմաններում աշխատում են այդ պաթոգենի հետ, օրգանների, արյան փոխպատվաստման ժամանակ է հնարավոր»։

Ըստ նրա, սակայն, պետք չէ խուճապի մատնվել. տենդը կորոնավիրուսային վարակի հետ համեմատելը ճիշտ չէ, քանի որ քովիդը անմիջապես էր փոխանցվում անձից մեկ այլ անձի։

Վարակից խուսափելու համար պետք է պատուհանները ցանցապատել, միջատավանիչ միջոցներ օգտագործել, մանավանդ ջրականգերի մոտ գտնվելուց։

Նկատենք՝ ավելի վաղ Առողջապահության նախարարությունը ներկայացրել էր քայլեր, որոնք հնարավորություն կտան պաշտպանվել Արևմտյան Նեղոսի տենդով վարակվելուց:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog