ՊԱՏՐԱՍՏՎԵՔ. Դեկտեմբերին տեղումները կլինեն ձյա՞ն, թե՞ անձրևի տեսքով, Ամանորին սպասե՞լ տեղումների. մանրամասնում է Սուրենյանը

Շրջակա միջավայրի նախարարության «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը տեղեկացրել է, որ դեկտեմբերին սպասվում է անոմալ տաք և բավարար տեղումներով եղանակ։ Օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր 4-5 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմային մոտ։


Օրվա աստղագուշակ


«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է՝ 2018 թվականից սկսած՝ հանրապետության տարածքում դիտվում են անոմալ տաք ձմեռներ, եղել են մթնոլորտի շրջադարձության էական փոփոխություններ, և տարվա ցուրտ սեզոնին՝ դեկտեմբեր-փետրվար հատվածում, հյուսիսային լայնությունից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցումը Հայաստան կտրուկ նվազել է։

«Փոխարենը աճել են Հարավից, Հարավ-Արևմուտքից, Հարավ-Արևելքից եկող հոսանքները, այսինքն՝ արևադարձային լայնություններից արևադարձային տաք հոսանքների ներթափանցման դեպքերը, որոնք ձմեռային ամիսներին մեր երկրում առաջ են բերել եղանակի կտրուկ տաքացումներ»,- մանրամասնում է Սուրենյանը:

Ըստ նրա՝ սա գուցե կապ ունի նաև աշխարհում տեղի ունեցող գլոբալ տաքացման հետ, սակայն եթե ուսումնասիրվեն վերջին տարիների վիճակագրական տվյալները, ապա նկատելի կդառնա, որ գոյություն ունեն նաև ցիկլեր, որոնք յուրաքանչյուր 7-8 տարի մուտք են գործում մեր տարածաշրջան:

«Ձմեռային ամիսները մեկ ընկնում են տաք հոսանքների, մեկ՝ արկտիկական ցուրտ հոսանքների ազդեցության տակ։ Ուզում եմ փաստել՝ գլոբալ տաքացման գործոնը այս առումով կա, բայց այդ երևույթը կապված է նաև մթնոլորտային ցիկլի փոփոխության հետ։ Որոշակի տևողությամբ մթնոլորտի շրջանառության մեջ տեղի են ունենում փոփոխություններ, որոնք կապված են հոսանքների ներթափանցման առանձնահատկություններից, թե որ աշխարհագրական լայնություններից են դրանք գալիս, ուստի լինում է կա՛մ շատ տաք ձմեռ, որը տևում է 7-8 տարի, կա՛մ շատ ցուրտ ձմեռ, նորից՝ 7-8 տարի տևողությամբ»,- ասում է նա:

Անոմալ տաք դեկտեմբերի միակ բացասական ազդեցությունը, ըստ Սուրենյանի, կարող է դիտվել լեռնային գոտիներում ձյան կուտակումների կրճատման և աշնանացանի վրա։ Միևնույն ժամանակ վերջինս շեշտում է, որ ծառերի բողբոջում դեկտեմբերին չի առաջանում, իսկ ընդհանուր ծաղկման պրոցեսի սկսվելը կախված է նրանից, թե որքան կտևի այս տաք ջերմաստիճանը։

«Լեռնային գոտիներում ձյան կուտակումը կրճատվում է, ինչը իր ազդեցությունն է թողնում գարնանային ամիսներին գետերի գարնանային վարարումների վրա, այդտեղից էլ խոցվում են ջրային ռեսուրսները, և Սևանա լիճ ներթափանցող ջրային ռեսուրսները որոշակիորեն կրճատվում են։ Գյուղատնտեսության վրա այս պահի դրությամբ տաք եղանակը լուրջ ազդեցություն չի կարող ունենալ, մի փոքր մտահոգելի է աշնանացան ցորենը, որովհետև եթե աշնանացան ցորենի վրա ձնածածկույթ չի ձևավորվում, և գիշերային օրերին ջերմաստիճանը իջնում է մինուս 15 աստիճանից ցածր, դիտվում է որոշակի վնասվածություն, բայց այս պահին նման ջերմաստիճան չունենք և չենք սպասում»,- ասում է նա։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ դեռևս չի կարող նշել՝ Ամանորին ձյուն սպասե՞լ, թե՞ ոչ։ Նկատում է՝ դեկտեմբերին օրերի մեծ մասը լինելու են բավականին տաք, հնարավոր է, որ երկու-երեք օրով ջերմաստիճանի անկում լինի, տեղումները կլինեն նորմայի սահմաններում։ Նախալեռնային և հովտային գոտիներում անձրև է լինելու, բայց կարող են տեղումներ լինել նաև ձյան տեսքով։ Ըստ մասնագետի՝ հանրապետության տարբեր հատվածներում տեղումների նորմայի քանակը տարբեր է։

Շրջակա միջավայրի նախարարության տվյալների համաձայն՝ առավել տաք դեկտեմբերներ են դիտվել 1938, 1940, 1966, 1980, 1981, 1998, 2008թթ, այդ տարիներին առավելագույն ջերմաստիճանը հասել է +21…+22°C (Երևան, Արտաշատ, Արմավիր), արևելքում՝ +24…+26°C (Շնող, Բագրատաշեն, Կապան): Օդի հարաբերական խոնավությունը դեկտեմբերին բավականին բարձր է՝ 70% և ավելի: Տեղումների միջին քանակը կազմում է 38մմ:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog - Ժամանցային բլոգ