Գիտնականները նեյրոնային ցանց են պատրաստել՝ աչքի լուսանկարից հայտնաբերելու ցանցաթաղանթի պաթոլոգիան, որն առաջանում է շաքարախտի դեպքում: Այս գործիքը կարող է ծառայել նաև շաքարախտի վաղ ախտորոշման համար։ Այս մասին Газета.Ru-ին հայտնել են ՌԴ ԿԳՆ-ից։
«Մենք մշակել ենք մաթեմատիկական մոդել, որը կարող է օգտագործվել հիվանդության վաղ փուլում դիաբետիկ ռետինոպաթիան հայտնաբերելու համար՝ օգտագործելով ցանցաթաղանթի պատկերները 88,7% ճշգրտությամբ: Եվ քանի որ այս պաթոլոգիան արյան մեջ գլյուկոզայի նորմալ մակարդակի խախտման հետևանք է, նեյրոնային ցանցը կարող է օգտագործվել նաև շաքարախտի վաղ ախտորոշման համար»,- ասել է ծրագրի ղեկավար Ալի Սուլթան Մայան։
Դիաբետիկ ռետինոպաթիան ցանցաթաղանթի վնաս է, որը տեղի է ունենում 20-ից 65 տարեկան շաքարախտով հիվանդ մարդկանց մոտ և կարող է հանգեցնել տեսողության կորստի: Ամենից հաճախ հիվանդությունը սկզբում ասիմպտոմատիկ է, ինչը դժվարացնում է դրա հայտնաբերումը վաղ փուլերում:
Գիտնականների կողմից ստեղծված մոդելը կարող է ճանաչել դիաբետիկ ռետինոպաթիան աչքի լուսանկարներում այնպիսի նշաններով, ինչպիսիք են արյունահոսությունը, լիպիդների (ճարպերի) կուտակումը, արյան անոթների աճը և դրանց պատերի բարակումը:
«Ապագայում հնարավոր է ակնոցի տեսքով սարք մշակել, որը կարող է ավտոմատ կերպով սկանավորել աչքը՝ արհեսատական բանականության միջոցով գտնելով ցանցաթաղանթի հատվածը, ինչպես նաև գնահատել ոչ միայն դիաբետիկ ռետինոպաթիայի, այլ նաև դիաբետի հետ կապված այլ աչքի հիվանդությունների փուլը՝ կատարակտ, գլաուկոմա»,- նշում է Ալի Սուլթան Մայան:
Այս պահին հեղինակները հավաքում են ավելի շատ տեղեկատվություն ֆոնուսի անատոմիայի, դրա գնահատման մեթոդների, ինչպես նաև դրանց ավտոմատացման մասին՝ արհեստական ինտելեկտի միջոցով ախտորոշման ճշգրտությունը բարելավելու համար: