Ալկոհոլի օգտագործումը, ինչպես նաև ավելորդ քաշը և ֆիզիկական վարժությունների բացակայությունը երիտասարդների շրջանում աղիքի քաղցկեղի նոր դեպքերի ավելացման հիմնական պատճառն են։ Այս մասին հայտարարել է համաճարակաբան, Միլանի համալսարանի պրոֆեսոր Կառլո Լա Վեկիան, գրում է The Sun-ը։
Հետազոտության հիման վրա Լա Վեկիան կարծում է, որ այս տարի 25-49 տարեկանների շրջանում աղիների քաղցկեղից մահացությունների թիվը կավելանա։ Որպես այս վտանգավոր հիվանդության դեպքերի թվի աճի պատճառ նա նշել է գիրությունը և դրա հետ կապված առողջական վիճակը։
Լրացուցիչ պատճառներից են Եվրոպայում և Մեծ Բրիտանիայում ալկոհոլի օգտագործման աստիճանական աճը, ինչպես նաև ֆիզիկական ակտիվության նվազումը։
Լա Վեկիան նշել է, որ այն երկրներում, որտեղ մարդիկ վերջին տարիներին նվազեցրել են ալկոհոլի օգտագործումը, օրինակ՝ Իտալիայում և Ֆրանսիայում, աղիների քաղցկեղից մահացությունների թիվը չի ավելանա։ Պրոֆեսորը հավելել է, որ երիտասարդների մոտ աղիքի քաղցկեղի զարգացումը ավելի արագ և ագրեսիվ է, քան տարեց հիվանդների մոտ: